«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի իրականացման շրջանակում ստորագրվեց հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև, ինչպես նաև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև:
Հիմք ընդունելով Լեզուների իմացության ու գնահատման եվրոպական ընդհանուր շրջանակի (Common European Framework of Reference for Languages) վերջին թարմացումը և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը (Երևան, 2005)՝ նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ և մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։ Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորելու հայերեն, ստուգելու լեզվական իմացությունը և ստանալու իմացության մակարդակը հավաստող վկայական:
ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է չափորոշիչները մշակող մասնագիտական խումբ։ Խմբի ղեկավարը լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշեց, որ ոչ հայախոսների համար հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգը ունի շահառուների լայն շրջանակ։
«Ցավոք, այս պահին այն անձանց համար, որոնք գալիս են Հայաստան և հայերենի իմացությունը ստուգելու կարիք ունեն, դեռևս չունենք միջազգային առումով ճանաչելի ստանդարտ ընթացակարգ: Սա նաև կարևոր նշանակություն ունի օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ներգրավման գործընթացում»,- ասաց նախարարը, ապա հավելեց․ «Ծրագրի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է, և տևական ժամանակ այն մեր քննարկման օրակարգային հարցերից էր»:
Նախարարն ընդգծեց նաև, որ նոր ծրագիրը դիտարկվում է լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման տիրույթում և նպաստելու է հայեցակարգի ամբողջական պատկերի ուրվագծմանը:
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը շեշտեց, որ նոր համակարգի ներդրումը կնպաստի հայերենի կենսունակության բարձրացմանը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում. «Տպավորություն է, որ միայն մեծ տարածվածություն ունեցող լեզուները կարող են ունենալ այսօրինակ համակարգեր կամ լինել տեխնոլոգիական աշխարհում ներգրավված, սակայն փոքր տարածվածություն ունեցող լեզուները ևս կարող են ստեղծել համակարգեր, որոնք ինտեգրված կլինեն միջազգային գործընթացներում: Այս ծրագիրն ուղղված կլինի Հայաստանում լեզվական խնդիրների լուծմանը և կնպաստի հայերենի ընդլայնմանը Հայաստանից»,- ասաց նա:
Ս․ Դվոյանը նշեց նաև, որ քայլեր կձեռնարկվեն համակարգի միջազգային ճանաչման համար, և առաջիկայում համակարգը գործարկելու իրավական մեխանիզմներ կմշակվեն։
«Կմշակվեն միջազգային և եվրոպական ստանդարտներին համապատասխանող չափորոշիչներ, կկազմվեն առաջադրանքներ, կստեղծվի հարթակ, այնուհետև կփորձարկենք ընդհանուր համակարգը, որը մեզ թույլ կտա մասնագետների օգնությամբ վեր հանել խնդիրները և վերացնել դրանք»,- նշեց Լեզվի կոմիտեի նախագահը:
«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը կարևորեց կրթության և մշակույթի ոլորտում ներդրումներ կատարելը։ Ըստ Ա․ Չոբայանի՝ համակարգը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը՝ ամրապնդելով մեր երկրի կապը աշխարհի հետ։
«Հայերենը, թեպետ, աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, բայց չափելիության գործիք, որպես այդպիսին, չենք ունեցել լեզվի իմացության մակարդակի գնահատման համար: Տնտեսությունը ևս այս ծրագրի կարիքն ունի, քանի որ փոփոխվող աշխարհում աստիճանաբար նաև այլալեզու կամ օտարազգի աշխատուժի կարիք է լինելու, ինչը նորմալ գործընթաց է զարգացած տնտեսությունների պարագայում»,- ասաց Արմեն Չոբանյանը։
Նշենք, որ ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ ԵՊՀ-ն հանդես է գալիս որպես ենթաիրականացնող։