ՀՀ լեզվի կոմիտեի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայացավ «ՀՀ լեզվական քաղաքականությունը և լեզուների դասավանդման արդի հիմնահարցերը» խորագրով հանրապետական գիտաժողովը։
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացված գիտաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում իրականացվող լեզվական քաղաքականությունը, լեզուների դասավանդման փոխառնչությունները դրան, Հայաստանում ուսուցանվող տարբեր լեզուներին առնչվող խնդիրները։ Գիտաժողովը միտված էր խթանելու լեզվին ու լեզվական քաղաքականությանը նվիրված մասնագիտական քննարկումները և ամրապնդելու համագործակցային կապերը։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը գիտաժողովի բացման իր խոսքում նկատեց, որ պատահական չէ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված գիտաժողովի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվելը, քանի որ համալսարանը Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս հայտնի է որպես լեզվաբանական, լեզվագիտական և լեզվահասարակագիտական բուհ։
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ողջույնի իր խոսքում կարևորելով գիտաժողովի անցկացումը, ներկայացրեց իր դիրքորոշումները լեզվի ուսումնասիրության ու քաղաքականությունների մշակման վերաբերյալ։
Ս․ Դվոյանը մասնավորապես շեշտեց. «Լեզուն, կապված լինելով հասարակական, քաղաքական ու մշակութային հարցերի հետ, պատմականորեն կոնկրետ է, ուստի մի առումով, լեզուն կոնկրետ է պատմական իր ժամանակի հետ կապի մեջ և հենց այս կապի շնորհիվ է, որ այն կենդանի կերպով ցույց է տալիս այն ժամանակը, որի արտահայտողն ու ձևակերպողն է ինքը: Լեզվի ուսումնասիրությունն այս տեսանկյունից նշանակում է խորությամբ ուսումնասիրել պատմական ժամանակը բառիս ոչ թե պատմական անցյալի իմաստով, սա էլ կարևոր է, այլ` ներկայի` մեր կյանքի հետ ունեցած ներքին կապի իմաստով»:
Այս համատեքստում մշակվող և իրականացվող քաղաքականությունները, այդ թվում՝ պետական քաղաքականությունները, ըստ նրա, պատմականորեն կոնկրետ են, ուստի, ներկայում մշակվող լեզվական քաղաքականությունները չեն կարող առնվազն աչալուրջ չլինել հասարակականորեն ի հայտ եկած նոր խնդիրների հանդեպ։
Որպես վերոնշյալի օրինակ Սիրանուշ Դվոյանն ընդգծեց հայերենի իմացության խնդիրը Հայաստանում ապրող ոչ հայախոսների շրջանում, որի լուծմանն ուղղված գործնական քայլեր արդեն իսկ արվում են։
Գիտաժողովի ընթացքում հնչած 20 զեկուցումներն առնչվում էին «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղություններին, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող լեզվաքաղաքականության արդյունավետությանը, լեզվաքաղաքականությունների միջազգային փորձին, լեզվի և լեզվաքաղաքականության դերին պետականակերտման գործընթացում, ինչպես նաև հայերենի և այլ լեզուների դասավանդմանը, նոր մեթոդաբանությունների կիրառությանը, առկա այլ խնդիրներին ու մարտահրավերներին։ Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների հիման վրա առաջիկայում կհրապարակի հոդվածների ժողովածու:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Հակոբյանը, կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Երազիկ Գրիգորյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լալիկ Խաչատրյանը, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Մայրենիի տոնը նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Հայաստանում այն նշվում է 2005 թվականից։