Դեկտեմբերի 23-ին ԿԳՄՍՆ-ում կազմակերպված աշխատանքային հանդիպմանը Լեզվի կոմիտեն մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկեց «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի շրջանակում մշակված հայերենի ուսուցման չափորոշիչների հիմնական սկզբունքները։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է չափելի դարձնելու հայերենը՝ ոչ հայախոսներին հնարավորություն տալով սովորելու, թափանցիկորեն ստուգելու և գնահատելու իրենց հայերենի իմացության մակարդակը։
«ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը, որի իրականացմամբ մեր լեզուն ևս կլինի չափելի, համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Այն հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային հարթակ, որտեղ ստուգման արդյունքները կլինեն թափանցիկ: Ծրագրի միջոցով և՛ հայազգիները, որոնց առաջին լեզուն հայերենը չէ, և՛ օտարները մեր երկրում կրթության իրավունքն իրացնելիս, աշխատանքային հարաբերություններում, հանրային կյանքի այլ ոլորտներում կկարողանան ստուգել լեզվի մակարդակը: Այս նախաձեռնությունը կարևոր է միգրացիոն քաղաքականության և բուհերի ընդունելության առումով, քանի որ այս գործիքի բացակայությունը մեծ խոչընդոտ է նշված գործընթացներում»,- հավելեց նախարարի տեղակալը։
Անդրադառնալով ծրագրի ընդգրկվածությանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծեց․ «Ծրագիրը չի սահմանափակվում միայն համակարգի մշակմամբ, այն թվային աշխարհում հայերենի նկարագրվածության և կենսունակության բարձրացմանն ուղղված մեծ ծրագրի մաս է, որը մեկնարկելու է 2025 թ․։ Ծրագիրը հնարավորություն կտա ավելի զարգացած տեխնոլոգիաներով թեստավորման և ստուգման համակարգ ունենալ ապագայում»։
Կոմիտեի նախագահը հավելեց, որ ծրագրի շրջանակում մշակվում է նաև տեքստի դյուրընթեռնելիության սանդակ, որն առաջին անգամ կփորձարկվի 2025 թ.։ Տեխնիկական այս գործիքը գնահատում է տեքստերի ընկալելիությունը՝ հիմնված բառերի երկարության, նախադասությունների բարդության և բառապաշարի պարզության վրա։ Այն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում և կկիրառվի նաև «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի առաջադրանքների փորձարկման փուլում, այնուհետև կմշակվեն մեխանիզմներ՝ գործիքը դպրոցական դասագրքերում և այլ ոլորտներում նույնպես կիրառելու համար։
«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը շեշտեց, որ հիմնադրամի ծրագրերը համահունչ են ՀՀ պետական ծրագրին և նպատակ ունեն մեծացնելու իրենց ներդրումների ազդեցությունը երկրի համար։
«Եթե չհաջողենք դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, հայերենը կարող է դառնալ միայն սիմվոլիկ հաղորդակցության միջոց, այլ ոչ թե տեխնոլոգիաները կառավարող լեզու, ուստի մենք կհամաֆինանսավորենք նաև տեխնոլոգիական աշխարհում հայերենի կենսունակության բարձրացման ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստելու հայերենի զարգացմանը և կիրառելիության ընդլայմանը»,- ասաց նա։
Չափորոշիչները մշակած մասնագիտական խմբի ղեկավար, լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ներկաներին ներկայացրեց կազմված չափորոշիչների հիմնական սկզբունքները։
Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (CEFR) և հայաստանյան նախընթաց փորձը՝ մշակվել են հայերենի իմացության (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2) մակարդակների չափորոշիչները, որոնք ուրվագծում են հայերեն կարդալու, գրելու, լսելու և խոսելու իմացության անհրաժեշտ շրջանակը:
Կազմվել են Ա1-Ա2, Բ1 և Բ2 ենթամակարդակների թեմատիկ նվազագույն բառապաշարի ցանկերը՝ ըստ լեզվի կիրառության հիմնական ոլորտների և ենթաոլորտների: Բառացանկերում տեղ են գտել ինչպես համընդհանուր գործածություն ունեցող բառեր, այնպես էլ ժողովրդական և խոսակցական բառաշերտ (բառամիավորներ), որոնք հայերեն սովորողը առօրյա հաղորդակցության մեջ՝ հեռուստատեսությունից, ռադիոյից, զանգվածային լրատվության այլ միջոցներից, կարող է հաճախ լսել հայախոսների բանավոր խոսքում։ Ակադեմիական Գ1, Գ2 ենթամակարդակների համար տրված են միայն ընդհանուր բնութագրիչներ, քանի որ այս մակարդակը հմուտ օգտագործողի, այսինքն՝ լեզվին ազատ տիրապետողի մակարդակն է:
Մշակվել է նաև հայերենի ուսուցող, ստուգող և գնահատող առաջադրանքներում հմտությունների գնահատման սանդղակը. սահմանվել է ընդհանուր ստուգման (ու գնահատման) մեջ յուրաքանչյուր՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու հմտությանը հատկացվող կշիռը՝ ըստ հայերենի իմացության մակարդակների չափորոշիչների:
ՀՀ բուհերի և հայերենի ուսուցում իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ բարձրացվեցին հարցեր՝ կապված լեզվի իմացության մակարդակների և ենթամակարդակների տարանջատումների, բառապաշարային տարբերությունների և առանձնահատկությունների, ծրագրի հետագա զարգացման ու ներդրման, կառույցների հետ համագործակցության հնարավորությունների և այլնի վերաբերյալ։
Նշենք, որ «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ: