Skip to content

ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պարտականությունները կատարող գնդապետ Տիգրան Քոչարյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտպանական-անվտանգային ոլորտում համատեղ լեզվաքաղաքականություն իրականացնելու նպատակով։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կատարել ՀՀ-ում պաշտպանական-անվտանգային ոլորտում հայերեն հասկացությունների միօրինակացման և գործածության նորմավորման, ինչպես նաև թարգմանված կամ փոխառված հասկացությունների ամրապնդմանը և տարածմանը միտված համատեղ նախագծերի ու ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքներ:

Հուշագրով նախատեսվում է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բարձր որակավորում ունեցող գիտական  կադրերի և մասնագետների պատրաստում, համատեղ կոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների,  կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպում, ըստ համատեղ կատարած աշխատանքների արդյունքների՝ հետազոտական, ուսումնական և մեթոդական նյութերի հրապարակում, ինչպես նաև ռազմական ոլորտի մասնագետների լեզվական ունակությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների անցկացում։

Սիրանուշ Դվոյանը, կարևորելով ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Լեզվի կոմիտեի միջև համագործակցության խորացմանն ուղղված այս նախաձեռնությունը, նշեց․ «Այս հուշագիրը պաշտոնականացումն է մեր առկա համագործակցության, որը մեկնարկել է իմ պաշտոնավարման առաջին ամիսներից՝ ոլորտային լեզվական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներով»։

Կոմիտեի նախագահը հավելեց, որ պաշտպանական-անվտանգային ոլորտի նորմավորված հասկացությունները կնպաստեն պետական փաստաթղթաշրջանառության միօրինակությանը և կկանխեն հնարավոր տեղեկատվական շփոթները։

Տիգրան Քոչարյանը շեշտեց, որ կառույցը կարևորում է հայեցի լեզվամտածողությանը ուղղված աշխատանքները և պատրաստ է դառնալ կամուրջ պաշտպանական-անվտանգային ոլորտի և լեզվի միջև՝ շարունակաբար ընդլայնելով համագործակցությունը և կյանքի կոչելով համատեղ ծրագրեր։

Կողմերը վստահություն հայտնեցին, որ այս համագործակցությունը կլինի արդյունավետ և հետագայում կզարգանա՝ ընդգրկելով նոր ծրագրեր։