Skip to content

Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է։ Կոմիտեին է վերապահված լեզվի բնագավառում պետական քաղաքականության մշակումը, այդ քաղաքականության իրականացման ապահովումը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը։

 

Լեզվի կոմիտեի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակումը և այդ քաղաքականության իրականացման ապահովումը.

2) հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի` հայերենի գործառության ապահովումը։

 

Լեզվի կոմիտեի խնդիրներն են`

1) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` արդի գրական հայերենի բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, ինչպես նաև ուղղագրության միասնականացմանը նպաստելը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի պահպանմանն ու տարածմանը աջակցելը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը.

5) լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման հիման վրա լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելը:

 

Լեզվի Կոմիտեն ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հմ. 531 որոշմամբ՝ որպես ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն։

2002 թվականին ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանման՝ գործադիր իշխանության հանրապետական մարմնի կարգավիճակով։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից  Կրթության և գիտության նախարարության լեզվի տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե։

Կոմիտեն ունի երկու բաժին (Լեզվական վերահսկողության, Վարչական իրավախախտումների), տասնինը աշխատող։

ՀՀ լեզվի կոմիտեի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։