Skip to content

Լեզվական բազմազանությունից մինչև արհեստական բանականություն․ Հայաստանում անցկացվում է COST — UniDive երկրորդ ձմեռային դպրոցը

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է COST — UniDive երկրորդ ձմեռային դպրոցը, որը համախմբել է մոտ 20 երկրի շուրջ 60 մասնակիցների՝ քննարկելու, թե ինչպես են լեզվական տեխնոլոգիաները թույլ տալիս նկարագրել և ներառել լեզվական բազմազանությունը արհեստական բանականության առօրյա գործիքներում։

Հունվարի 19-24-ը ԵՊՀ-ում անցկացվող ձմեռային դպրոցը կազմակերպվել է COST (European Cooperation in Science and Technology) UniDive — «Ընդհանրությունները, բազմազանությունն ու յուրատիպությունը լեզվական տեխնոլոգիաներում» նախագծի շրջանակում։ Նախագծի հայաստանյան գործընկերը Երևանի պետական համալսարանն է, ի դեմս «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանի, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի երաշխավորությամբ, գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային դրամաշնորհի շրջանակում։

Ողջունելով ձմեռային դպրոցի աշխատանքների մեկնարկը և կարևորելով դպրոցի անցկացումը Հայաստանում՝ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը նշեց, որ չնայած տեխնոլոգիական արագ զարգացումներին՝ հասարակ օգտվողների համար լեզվական տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները դեռ շարունակում են մնալ նոր հնարավորությունների և «աներևակայելի հրաշքների» դաշտում։ Այդ համատեքստում Լեզվի կոմիտեի նախագահը առանձնակի ընդգծեց դպրոցի շրջանակում միավորված մասնագետների համատեղ աշխատանքը։

«Այո, դժվար է հավատալ, որ լեզվական տեխնոլոգիաները և դրանց բերած հնարավորությունները փոխել են և շարունակում են փոխել մեր պատկերացումները աշխարհի ու այդ աշխարհը մտածող լեզուների, դրանց հարաբերությունների, տեղի ու դերի մասին: Եվ մինչ մենք անհամբեր սպասում ենք, թե մոտակա ժամանակներում էլ ինչ հարմարավետություն կպարգևեն մեզ անհավատալի մասշտաբներով տվյալների հետ գործ ունեցող գործիքները, այստեղ հավաքված մասնագետները իրենց ամենօրյա համբերատար աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ է, որ հնարավոր են դարձնում դա»,- նշեց Ս. Դվոյանը։

Գործընկերության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվել են լեզվական տեխնոլոգիաների և բնական լեզվի մշակման ոլորտի հետազոտողներ և ուսանողներ Եվրոպայի մի շարք համալսարաններից, այդ թվում՝ Փարիզ-Սակլե համալսարան (Ֆրանսիա), Կարլի համալսարան (Չեխիա), Ուփսալայի համալսարան (Շվեդիա), Սաարլանդի համալսարան (Գերմանիա), Հայդելբերգի համալսարան (Գերմանիա), Լյուքսեմբուրգի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ և այլն։

Ձմեռային դպրոցը օրինակ է, թե ինչպես կարող է ԵՊՀ-ի ավելի սերտ ինտեգրումը

ԵՄ հետազոտական ենթակառուցվածքներում ու նախագծերում խթանել թվանշային հումանիտար գիտությունների զարգացումը Հայաստանում՝ թիրախային գիտական նախագծերի միջոցով ու պետական գերատեսչությունների հետ նպատակային գործակցությամբ։