ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը «A-politic» հաղորդաշարում Արամ Աբրահամյանի հետ խոսել է ժամանակակից լեզվական միջավայրում հայոց լեզվին ուղղված մարտահրավերների և փոփոխվող սոցիալական իրականությունում լեզվական նոր խնդիրների ի հայտ գալու մասին։
Ս․ Դվոյանն առանձնապես նշել է՝
- Լեզուն նախևառաջ կյանքի համապատասխան ոլորտն ընդգրկող լեզվական-մտածողական լայն շրջանակ է։ Այս համատեքստում այն հանդես է գալիս որպես կոնկրետ ժամանակի և կոնկրետ խնդիրների արտահայտություն։
- Վերջին տասնամյակներում աշխուժացած ոչ միջնորդ լեզուներից կատարված թարգմանություններն ի հայտ են բերել լեզվական կանոնարկման նոր սկզբունքներ մշակելու անհրաժեշտությունը։ Լեզվի կոմիտեն քայլեր է ձեռնարկում այդ սկզբունքների հստակեցման և ամրագրման ուղղությամբ։
- Լեզվի կարևոր մասն են բարբառները, որոնք, թեև որոշ չափով խառնվում են գրական լեզվին, այնուամենայիվ կայուն գործող լեզվաշերտ են մեզնում։ Դրանք կենսունակ են իրենց աշխարհագրական տարածքում ապրող համայնքի կյանքի համար։
- Հայհոյանքը, անեծքն ու բամբասանքը չեն ավելացել մեր օրերում։ Պարզապես դրանք դուրս են եկել հանրային ավելի լայն միջավայր սոցիալական հարթակների միջոցով։ Սա մշակութաբանական, մարդաբանական ու սոցիալական ուսումնասիրությունների հետաքրքիր դաշտ է:
- Բազմալեզվությունը` մեկից ավելի լեզու իմանալը, օգնում է դուրս գալ սեփական շրջանակից, ուսումնասիրել այլ մշակույթ ու մտածողություն և առավել լայն համատեքստում մտածել սեփական աշխարհի մասին։