«Մանուկներին մատուցվող «մեծական» սխալներ» խորագրով ամփոփագիրը տպագրվել է «ԵԹԵՐ» շաբաթաթերթում։
Հայկական կինոարտադրությունը, այսպես ասած, երեխայական գործերով չի զբաղվում։ Տասնամյակների ընթացքում մեկ-երկու ֆիլմ ու մուլտֆիլմ է նկարահանվել (դրանց լեզվական վիճակից նախկինում խոսել ենք)։ Այս պակասուրդի պայմաններում մեր հեռուստաընկերությունները ցուցադրում են գերազանցապես «ներկրված» արտադրանք։ Բարեխիղճ ցուցադրողը կատարում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջը՝ այլալեզու ֆիլմերը ներկայացնելով հայերեն կրկնօրինակմամբ։ Լեզվի կոմիտեն, հեռուստատեսության լեզվին հետևելիս, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մանկական եթերաժամին։ Լեզվական սխալների ամփոփագրերն ուղարկվում են հասցեատերերին՝ հորդորելով զերծ մնալ մեր գրանցած և հնարավոր այլ սխալներից, երեխաներին մատուցել գեղեցիկ ու ճիշտ հայերեն։
Ներկայացնում ենք մեր ամփոփագրերում տեղ գտած առավել տարածված ու ցցուն լեզվական սխալներից մի քանիսը՝ «Հերկուլես» մուլտֆիլմից, «Թոմ Սոյեր», «Գիգանտոզավր», «Մարկո Պոլո», «Բում-Բում», «Օզի․ շնային մեծ փախուստ», «Զորրոյի քրոնիկները» մուլտսերիալներից (վերջինիս վերնագիրը, երեխաներին հասկանալի լինելու համար, կարելի էր բնագրից մի քիչ շեղել ու թարգմանել, օրինակ, պատումիկներ)։
«Պ՛ինդ բռնվիր, Ա՛րչի», «Ռո՛քի, բռնվի՛ր պոչիցս»։ Բռնվել կարող են պահմտոցի խաղացողը, հանցագործը, սուտը։ Մեկի հետ կարող ես վեճի բռնվել։ Բայց ուղիղ իմաստով բռնելը չի կարող կրավորական լինել։ Հեռուստատեսությունն այս տարածված սխալը պիտի ոչ թե «վավերացնի», այլ կանխի։ Ճիշտ է՝ «Պի՛նդ բռնիր, Ա՛րչի», «Ռո՛քի, բռնի՛ր պոչիցս»։ Ի դեպ՝ պետք է տարբերակենք նաև «բռնի՛ր պոչս» և «բռնի՛ր պոչիցս» արտահայտությունները։ Բառարանային բացատրությամբ առաջին բռնել-ը «բռի՝ ափի մեջ առնել»-ն է, երկրորդը՝ «ուժով ձեռքը մի բանից գցել, բաց չթողնել»-ը։
Ահա՛ կրավորական վ ածանցի անտեղի գործածության ևս մի դեպք․ «Թող փորձվեն հայտնվել իրենց անճոռնի դեմքերով»։ Փորձել և փորձվել բառերը հաճախ են շփոթում։ Փորձվել նշանակում է վարժվել, հմտանալ։ Այստեղ խոսքը փորձ անելու մասին է՝ թող փորձեն հայտնվել։
Մուլտսերիալներից մեկում լսում ենք․ «Երկուսդ էլ ծանո՞թ եք»։ Սա ճիշտ կլինի, եթե երկու հոգի ծանոթ լինեն որևէ մեկին կամ մի որևէ բանի։ Այստեղ նրանք իրա՛ր են ծանոթ։ Ուրեմն՝ «Դուք իրար ծանո՞թ եք»։ Նախընտրելի է՝ «Դուք ճանաչո՞ւմ եք իրար»։
Մուլտֆիլմ դիտող երեխան լսում է՝ «Նահանգապետի հեղինակությանն ուղղված ցանկացած մարտահրավեր անպատիժ չի մնա»։ Այստեղ ցանկացած բառի գործածությունը ճիշտ չէ, քանի որ նախադասությունը ժխտական բնույթ ունի։ Ճիշտ է՝ «Նահանգապետի հեղինակությանն ուղղված ոչ մի մարտահրավեր անպատիժ չի մնա»։
Լսում ենք․ «Գավաթն անպայման ես կհաղթեմ»։ Հաղթում են մրցույթում, խաղում, իսկ գավաթը կամ որևէ այլ բան նվաճում են։
«Շնորհակալ եմ, որ ստեցիք պահակներին»։ Ստել-ը չեզոք սեռի բայ է, գործողությունն իր վրա կրող չի պահանջում։ Իսկ որևէ մեկին, ասենք՝ պահակներին, ոչ թե ստում են, այլ խաբում։
Ապա լսում ենք․ «Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ կիսվել քեզ հետ վարակով»։ Որևէ բանով կիսվել-ը սխալ արտահայտություն է։ Ճիշտ կլիներ ասել․ «Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ վարակել քեզ»։ Այստեղ պատկերավոր կամ հումորով կարելի էր ասել․ «Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ վարակիս կեսը քեզ տալ»։
Կերպարներից մեկը ընկերոջն ասում է․ «Արդեն կարող ես դուրս գալ, վախկոտ Նազար»։ Ամերիկյան մուլտսերիալի հերոսներն, իհարկե, չգիտեն ու ժամանակագրորեն չեն էլ կարող իմանալ, թե ով է հայկական հեքիաթի հայտնի հերոսը՝ Նազարը։ Սա ձախողված թարգմանություն է։ Ճիշտ կլիներ վախկոտ նապաստակ անվանել (որ հայտնի է բոլորին) կամ պարզապես վախկոտի մեկը։
«Մորաքույր Փոլիին պիտի օգնեի տները մաքրել»։ Տան մասին հոգնակիով խոսելը մեր առօրյա խոսքում տարածված սխալ է։ Եթե խոսքը մի տան մասին է, ուրեմն՝ տունը մաքրել։
«Հե՜յ, ինչո՞ւ եք զարմացել, աշխատանքի՛ անցեք»։ Այս արտառոց սխալը սկսել է հաճախ հանդիպել։ Մտահոգիչ է, քանի որ սխալը արագ կարող է փոխանցվել հեռուստաէկրանից հեռուստադիտողին։ Հայերեն ճիշտ է՝ «Հե՜յ, ինչո՞ւ եք զարմացել, գործի՛ անցեք»։
Հերկուլեսը հորը՝ Զևսին ասում է․ «Եթե Դուք աստված եք, ուրեմն ես ․․․», ապա՝ «Դեռ կհպարտանաք ինձնով»։ Աստծու կամ աստվածների հետ երբեք ոչ ոք Դուք-ով չի խոսել։
Թարգմանված ֆիլմերից ու մուլտֆիլմերից մեր խոսքին է անցել մի արտահայտություն, որը խորթ է մեր մտածողությանը։ Մեկը ընկնում, ջարդուփշուր է լինում, վթարի է ենթարկվում կամ գլխիվայր կախված է, իսկ նրան հարցնում են․ «Ամեն ինչ լա՞վ է» կամ «Ամեն բան կարգի՞ն է»։ Հայերեն այս հարցերը չեն տալիս, երբ ամեն ինչ շատ վատ է։ Այս հարցերը մենք տալիս ենք, երբ ընդհանուր առմամբ վատ չէ կամ նույնիսկ լավ է։ Իսկ վատ վիճակում մեկին ասում ենք․ «Քեզ ի՞նչ եղավ», «Ի՞նչ պատահեց» և այլն։
«Նրանք լույսեր տեղադրեցին ցամաքի վրա ու սպասեցին, որ մութն ընկներ», «Հեքը այնքան կմնա բանտում, մինչև ինչ-որ մեկը կապացուցի նրա անմեղությունը»։ Սա նույնպես նոր ու արագ տարածվող սխալ է։ Ստորադասական նախադասության մեջ գործողության կատարման ժամանակը արտահայտվում է գլխավոր նախադասությամբ՝ ստորոգյալով։ Երկրորդական նախադասության բայական անդամը չպետք է կրկնի ստորոգյալի ժամանակն ու եղանակը։ Ուրեմն՝ «սպասեցին, որ մութն ընկնի», «կմնա, մինչև ապացուցի»։
«Մենք չենք կարող ռիսկի դիմել ու լաստանավը ոսկով ծանրեցնել», «Այն զինվորները, որոնք հիմարեցրին քո նավապետին․․․»։ Գրագետ խոսք մատուցելու միտումով շատերն ընկնում են ծայրահեղության մեջ և ա խոնարհման բայերը գործածում են ե խոնարհման բայերի վերջավորությամբ։ Ճիշտ է ասել՝ ծանրացնել, հիմարացնել։
«- Դու ինչո՞ւ ես այստեղ։ /- Գողության»։ Քիչ չեն նաև այսպիսի անհեթեթ, բնագրից պատճենված ձևակերպումները։ Հարցին պետք էր պատասխանել՝ «Գողության մեղադրանքով/Գողության պատճառով»։
Մենք հատկապես մտահոգիչ ենք համարում լեզվամտածողության, լեզվական կաղապարների թյուրընկալման՝ առաջին հայացքից աննկատ թվացող սխալները։ Այդ կպչուն լեզվական «զանցառությունները» անգամ մեծահասակների շրջանում շատ արագ են տարածվում։ Ուրեմն որքա՜ն խոցելի է մանուկ հեռուստադիտողը։
Երազիկ Գրիգորյան