ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է պաշտոնավարման մոտ երեքուկես ամսվա գործունեությունը` ներկայացնելով կառույցի առջև ծառացած խնդիրները, զարգացման տեսլականը և առաջիկա անելիքները։
Լեզվի կոմիտեի նախագահը հակիրճ ներկայացրել է կոմիտեի ստեղծման պատմությունը և գործունեության առանցքային ուղղությունները՝ շեշտելով, որ Կոմիտեն լեզվական պետական քաղաքականություններ իրականացնող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետությունում և կատարում է Լեզվի օրենքը ՀՀ-ում լիարժեք իրացնելու գործառույթը։
Անդրադառնալով առաջիկա աշխատանքներին՝ նա նշել է, որ հիմնական ծրագրերը բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից ու պայմանավորված են վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած սոցիալական փոփոխություններով և դրանցից ծագող խնդիրներով։
Նոր նախաձեռնություն. «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ»
Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ազդարարում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկը: Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (Common European Framework of Reference for Langusges) և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը՝ նախատեսվում է մշակել հայերենի առանձնահատկություններից բխող՝ հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) էլեկտրոնային համակարգ:
«Համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- նշել է Սիրանուշ Դվոյանը:
Թվային որոնողական համակարգերում հայերենի գործառնությունն ապահովող ծրագրեր
Քննարկումների փուլում է թվային որոնողական համակարգերում հայերենի` որպես կենսունակ լեզվի գործառնությունն ապահովող ծրագրի ստեղծումը: Թեև առանձին-առանձին մշակվել ու գործում են տարբեր բազաներ, ինչպես օրինակ` Հայ մատենագրության թվանշային գրադարանը, Արևելահայերենի ազգային կորպուսը և այլն, բայց հայերենն այսօր համաքայլ չէ լեզուների տեխնոլոգիացման արդի միտումներին։
«Հայերենը, հայերենով ստեղծված մշակութային ժառանգությունը, հայալեզու իրողություններն արդի տեխնոլոգիական մարտահրավերներին համահունչ դարձնելու նպատակով կարիք կա եղած նախաձեռնությունների հետ համատեղ քննարկմամբ մշակել առավել ընդլայնված նախագիծ»,- տեղեկացրել է բանախոսը:
Հայերենի կանոնարկման սկզբունքների մշակում
Օրենքով Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում կառույցը պետք է նպաստի նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը: Այս ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թ. հրատարակված Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները:
Ըստ Լեզվի կոմիտեի նախագահի՝ վերջին տասնամյակներին հատկապես ուղիղ, ոչ միջնորդավորված թարգմանության ճանապարհով հայերենը հարստացել է նոր բառերով ու հասկացություններով:
«Լրատվամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբյուրներից փոխառել ու շրջանառում են հատուկ անուններ ու բառեր: Հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակելու տարբեր լեզուներից փոխառվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքները: Կարիք կա նաև ի մի բերելու թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները` համապատասխան բացատրություններով: Երկու ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մշակել լեզվական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով գրական հայերենի՝ արդեն իսկ գոյություն ունեցող կանոնարկման ավանդույթը»,- ասել է նա:
Կոմիտեի նախագահը, անդրադառնալով լեզուն գործառելու հարցին, ընդգծել է, որ լեզուն սերտորեն կապված է պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում կիրառվում է՝ ենթարկվելով փոփոխությունների ու թարմացումների և կանոնարկման հարցերն էլ առաջ են գալիս այս համատեքստում։
Դվոյանն անդրադարձել է նաև պետական լեզվին առնչվող իրավական կարգավորումներին:
«Դրանք նույնպես ժամանակի ընթացքում վերանայումների կարիք են ունենում»,- համոզմունք է հայտնել բանախոսը՝ որպես օրինակ բերելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու նոր նախագիծը, որը մշակման փուլում է։
Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նոր ծրագրերի համատեքստում կարիք կլինի վերանայել նաև Լեզվի կոմիտեի կառուցվածքը` ստեղծելով նոր ստորաբաժանումներ: