ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարում խոսել է Կոմիտեի ծրագրերի մասին, որոնք ուղղված են ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում հայերենի կենսունակության և տարածվածության բարձրացմանը։
Նա մասնավորապես անդրադարձել է արդեն իսկ մեկնարկած «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրով նոր ի հայտ եկող իրողություններին։
- Համակարգը կմշակվի` հաշվի առնելով ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան լեզուների համանման փորձը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալու միջազգային փորձին, այլ նկատի առնելու այն մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ լեզվի ուսուցման ու ստուգման ազգային շրջանակը մշակելիս։
- Համակարգով կներդրվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման նոր մեթոդաբանություն, որը թույլ կտա ստուգելու ոչ թե լեզվի մեխանիկական իմացությունը, այլ չափելու դրա գործնական կիրառելիությունը, հայերեն խոսքը հասկանալու, վերարտադրելու և հաղորդակցելու կարողությունները։
- Ներդրվող համակարգի միջոցով հայերենը կբացվի աշխարհի այլ լեզուներին ու համակարգերին իր յուրահատկություններով՝ ուղենշելով լեզվի զարգացման այլ հնարավորություններ արդի տեխնոլոգիական աշխարհում։
- Համակարգի միջոցով կբարձրանա հայերենի տարածվածությունն աշխարհում։
Կոմիտեի նախագահը նաև նշել է, որ մշակման փուլում են մի քանի այլ ծրագրեր, որոնք միտված են թվանշային աշխարհում հայերենի ճանաչելիության բարձրացմանը։